ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումն անցանկալի էր ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության համար։ Մինչ այդ հայկական քաղաքական դաշտում դիտարկվեց դիվանագիտական պարտություն. պարզվեց` Ադրբեջանի հետ նման մի պարտություն էլ գրանցեց ԵԱՀԿ-ն իր անդամ երկրներով։ Փակման միտումին անդրադառնալով` եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարել է. «ԵԱՀԿ առաքելությունները կարևոր դեր են խաղում ԵԱՀԿ սկզբունքները կյանքի կոչելու հարցում: Եվրոպական միությունը լիովին հանձնառու է և աջակցում է ԵԱՀԿ-ի գործունեությանը: Երևանում ԵԱՀԿ գրասենյակը, որը մեծ արժեք ունի ԵԱՀԿ-ի համար առհասարակ, այժմ վտանգված է: Երևանի գրասենյակը Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին ներկայացուցչությունն է: Եվրամիությունը աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրներում ԵԱՀԿ-ի նշանակալից ներկայությանը: Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակը կարևոր դեր ունի իրեն հյուրընկալող երկրի` Հայաստանի կարիքները բավարարելու տեսանկյունից»։ Միևնույն ժամանակ Մոգերինին ընդգծում է, որ ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձևակերպումների խնդիրը չպետք է Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա: «Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսևորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»,- փաստում է եվրոպացի դիվանագետը։ Խնդրին անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին. «Ես հույս ունեմ, որ ծրագրերը կշարունակվեն: Հայաստանը ունի դրա կարիքը: Դրա կարիքը ունի նաև ԵԱՀԿ-ն: Անկեղծ ասեմ, երևի սա ավելի լուրջ հարված է ԵԱՀԿ-ին, քան Հայաստանին»: ԵՄ պաշտոնյան նաև հավելել է, որ ԵԱՀԿ գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին, կատարել է շատ օգտակար աշխատանք՝ ապացուցելով, թե ինչքան կարևոր է ԵԱՀԿ-ի ներդրումը:
Հայաստանում մի քանի օր է` քաղաքագետների քննարկման տիրույթում է այս հարցը, որի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ։
-Չնայած այդպես էլ ԵԱՀԿ-ում փոխհամաձայնություն չեղավ երևանյան գրասենյակի փակում թույլ չտալու հարցում, այդուհանդերձ, հնարավո՞ր էր ինչ-որ կերպ կասեցնել այդ գործընթացը։
-Ինչ փոխհամաձայնության մասին կարող է խոսք լինել այստեղ, երբ Ադրբեջանը լիարժեք կերպով, իր շահերի համատեքստում մշակված ընդհանուր քաղաքականության շրջանակներում, կարողանում է օգտագործել տարբեր միջազգային կառույցներում իր անդամությունից բխող հնարավորությունները: ԵԱՀԿ-ն կոնսենսուսի հիման վրա որոշումներ կայացնող կառույց է, և ադրբեջանական իշխանություններն այդ սկզբունքի մեխանիզմը կիրառելով նախ փակել տվեցին ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, այժմ էլ կփակեն երևանյան գրասենյակը: Առաջին դեպքում իրենք իրենց ապահովագրեցին ալիևյան վարչակազմի կամայականություններին հետևող օտար «չար աչքի» ներկայությունից, իսկ երկրորդի պարագայում փակել են տալիս հեղինակավոր այդ միջազգային կառույցի գրասենյակը Երևանում, մինչդեռ այդ գրասենյակի հենց միայն առկայությունն անգամ Հայաստանի համար կարևոր էր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության լայն ճակատը պահպանելու տեսանկյունից: Հայաստանի որդեգրած քաղաքական, դիվանագիտական պահվածքը բացառապես արձագանքային բնույթ ունի բոլոր հարցերում, ուստի մեր պատկան մարմիններն Ադրբեջանի քաղաքական որևէ լուրջ քայլը կանխարգելելու կարողունակությունը չունեն:
-Ի՞նչ հետևանքներ կունենա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը։
-Անկախ այն հանգամանքից, որ այդ գրասենյակը, եթե չեմ սխալվում, ավանդաբար ղեկավարել են ռուսաստանցի եվրաչինովնիկները, բոլոր դեպքերում այն Հայաստան-Եվրոպա պաշտոնական գործընկերային կապի մի լրացուցիչ կարևոր խողովակ էր ապահովում, որն այլևս չի գործելու:
-Հայաստանի իշխանությունները ի՞նչ պետք է անեին սա թույլ չտալու համար և հիմա ի՞նչ հակաքայլերի պետք է դիմեն։
-Հայաստանի իշխանությունները նախ պետք է սեփական քաղաքական պլատֆորմը մշակեն, որը հնարավորություն կընձեռի արձագանքման քաղաքականությունից անցնելու նախաձեռնողական՝ նոր և մեզ համար շահեկան իրավիճակներ ձևավորող քաղաքականության, որը կունենա ինչպես հստակ ձևակերպված նպատակներ, այնպես էլ դրանց հասնելու համար անհրաժեշտ միջոցներ և ուղիներ: Այն, ինչով այսօր են զբաղված իշխող խմբավորման ներկայացուցիչները, մեծ հաշվով, ոչ թե քաղաքականություն է, այլ պրիմիտիվ ու անչափ անարդյունավետ քարոզչություն:
-Տեսակետ է հնչում, որ սա հայկական դիվանագիտության պարտությունն է, և այս քայլով Հայաստանն ավելի է մեկուսանում աշխարհից։ Համամի՞տ եք։
-Սա ոչ թե հայկական դիվանագիտության պարտությունն է, այլ ՀՀ քաղաքական համակարգի, իշխող վերնախավի տոտալ անգործունակության հերթական հավաստումը: Դիվանագիտությունը կարող է պարտություններ էլ, հաղթանակներ էլ ունենալ, և դա բնական երևույթ է ցանկացած պետության պարագայում, սակայն մեր դեպքում տեղի ունեցող անկասելի նահանջն առանձին սխալների կամ սայթաքումների հետևանք չէ, այլ համակարգային անգործունակության, իշխող վերնախավի անպատասխանատվության ու մասնագիտական տհասության արդյունք է:
-Ադրբեջանի այս քայլը, բնականաբար, հեռահար նպատակներ է հետապնդում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով, այսինքն, սրանով ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը։
-Չեմ բացառում, որ, ի թիվս այլ նպատակների, Ադրբեջանն այժմ ձգտելու է ընդհանուր առմամբ նվազեցնել Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների ազդեցությունը բանակցային գործընթացի վրա և, ի հակակշիռ դրա, առանձնահատուկ դերակատարման արտոնություն շնորհել Ռուսաստանին: Արդեն իսկ տեսանելի է, որ Ռուսաստանը մեծ գոհունակությամբ է ընդունում պաշտոնական Բաքվի այս քաղաքական մանևրը:
-Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթել է կենտրոնամետ Էմանուել Մակրոնը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկում՝ Ֆրանսիայում, նոր նախագահի ընտրությունը, ըստ Ձեզ, ի՞նչ որակ կհաղորդի հայ-ֆրանսիական հարաբերություններին։
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Մակրոնը եվրաինտեգրման խորացման և ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդլայնման կողմնակից է, կարելի է ենթադրել, որ իր պաշտոնավարման ընթացքում նա կաշխատի ամրապնդել Ֆրանսիայի դիրքերը Հայաստանում ու ԵՄ-ինը՝ Հարավային Կովկասում ընդհանրապես: Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական զարգացումների այժմ սկիզբ առնող նոր փուլում այս ուղղությամբ գործադրվող ջանքերը Ռուսաստանը դիտարկելու է որպես իր շահերի դեմ ուղղված գործունեություն:
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ